Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Խնկեղեգ եղեգնային - Аир тростниковый - Acorus calamus L.

Խնկեղեգ եղեգնային - Аир тростниковый - Acorus calamus L.

Հայկական տարանունները - ագարակի խոտ, ալպուճ, ակիր, բաղշտակ, բաշխ, եղեգնախունկ, շառավ, շավառեղեգ

Դեղաբույսի նկարագրությունը: Նվիկազգիների ընտանիքին պատկանող, մինչև 70 սմ բարձրության, եռանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի հերթադիր, նշտարաձև կամ թրաձև, մինչև 1 մ երկարության տերևներ, ոլորուն, սողացող կոճղարմատ: Ծաղիկները մանր են, երկսեռ, իսկ պտուղը բազմասերմ, կարմիր հատապտուղ է: Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, սակայն պտուղները երբեք չեն հասունանում: Բույսը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով (կոճղարմատով):

 

Այն սերմերով բազմանում է միայն իր հայրենիքում` Չինաստանում և Հնդկաստանում: Մեզ մոտ հանդիպում է միայն եղեգնային խնկեղեգը, որն աճում է կանգնած ջրերում, գետափերին, տղմոտ հողերում, ճահճուտներում` հաճախ տալով համատարած բուսուտներ: Մեր հանրապետությունում խնկեղեգն աճում է միայն Էջմիածնի շրջանում, այն էլ սահմանափակ տարածքներում: Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ: Մեկ բույսի կոճղարմատի տարեկան աճը չի անցնում 150 գ-ից:


«Ակոռուս» բառը հունական ծագում ունի: Պլինիոսը այն բացատրել է որպես հակաակնախտային, ելնելով այն բանից, որ դեղաբույսը հնում կիրառվել է աչքի հիվանդությունների դեպքում: Իսկ «կալամուս» հունարեն նշանակում է եղեգ, ելնելով այն բանից, որ բույսը հաճախ աճում է եղեգնուտներում: Հայերեն խնկեղեգ բառը կապվում է այն բանի հետ, որ անցյալում բույսից հայ եկեղեցականները պատրաստել են խունկ:

 

Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատում և տերևներում պարունակվում են 1-3,5% եթերայուղ, դառը գլիկոզիդ` ակորին, դաբաղանյութեր, կուպր, խեժ, էքստրակտիվ նյութեր, մինչև 21% օսլա, կարոտին, C, E վիտամիններ, խոլին, ալկալոիդներից` կալամին, կալամենոլ, պալմիտինաթթու:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է բույսի կոճղարմատը, որն աշնանը հանում են բահով, լվանում, հեռացնում են արմատները և տերևները, թողնում 1 օր արևի տակ, ապա կտրատում 15-20 սմ երկարության ու չորացնում տանիքում կամ լավ քամհարվող սենյակում: Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթված վիճակում` թիթեղյա տուփերի մեջ, 3 տարի ժամկետով: Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Թեոֆրաստը, Պլինիոսը, Դիոսկորիդը և Գալենը` որպես նյարդային համակարգը տոնուսավորող, ստամոքսաաղիքային խիթերը հանգստացնող, լուծը դադարեցնող, հակաջերմային և միզամուղ միջոց: Համաձայն Ս.Ա. Վարդանյանի տվյալների, Ամիրդովլաթը դեղաբույսը օգտագործել է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, կոճղարմատը` որպես ստամոքսային և խուխամուղ միջոց: Բժշկապետի նշումով կոճղարմատի ծուփն օգնում է հին հազին, իսկ եփուկը կամ թուրմը` լյարդի և ստամոքսի ուռուցքներին, մեզի քանակի ավելացմանը և այլն:

 

Առաջավոր և միջին Ասիայի ժողովուրդները դեղաբույսն օգտագործում են կրծքավանդակի օրգանների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև անեմիաների ժամանակ: Հնդկաստանում այն համարում են որպես միջատասպան և տոնուսավորող` նևրոզների ժամանակ, նաև ասթմայի և օձի կծելու դեպքերում: Տիբեթում ևս կոճղարմատը համարում են օրգանիզմը տոնուսավորող, ինչպես նաև ճիճվամուղ: Դեղաբույսն այստեղ օգտագործում են միաժամանակ եղունգային հիվանդությունների դեպքերում կիրառվող սպեղանիների մեջ: Չինաստանում խնկեղեգը ճանաչում են որպես օրգանիզմի ընդհանուր ուժերը խթանող, հակալուծային և փքահան միջոց: Այստեղ դեղաբույսն օգտագործում են նաև ռևմատիզմի, խոցային հիվանդության, թերսեկրետոր քրոնիկական գաստրիտների ժամանակ: Ըստ չին բժիշկների, բույսի ոգեթուրմը լավացնում է տեսողությունը և լսողությունը: Կոճղարմատը` տերևների հետ, եփուկի ձևով տալիս են ջերմերի ժամանակ, իսկ նույնը` լոգանքի ձևով, նշանակում են որպես թարմացնող միջոց:

 

 

Լեհաստանում, ներքին ընդունման ձևով, խնկեղեգն օգտագործում են որպես խուխամուղ, հակաբորբոքիչ և ստամոքսաաղիքային տրակտի որոշ հիվանդություններ բուժող միջոց, իսկ արտաքին` մազաթափության ժամանակ: Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես ախորժակաբեր, մարսողությունը լավացնող և լորձաթաղանթները ցավազրկող միջոց: Կոճղարմատը լայնորեն օգտագործվում է ինչպես ախիլիկ, այնպես էլ գերթթու քրոնիկական գաստրիտների, խոցային հիվանդության և լուծերի ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ խնգեղեգն օգտագործում են անեմիանների, խոլեցիստիտների, միզուղիների մի շարք հիվանդությունների, հիսթերիայի, հիպոխոնդրիայի, որովայնային օրգանների խիթերի և դաշտանային խանգարումների դեպքերում:

 

ԱՄՆ-ում բույսի եփուկն օգտագործում են լուծերի և տարբեր ծագումնային ջերմերի ժամանակ: Ֆրանսիայում և Իտալիայում, բացի դրանցից` նաև որպես հեմոստատիկ և միզամուղ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հանրածանոթ միջոց է որպես ախորժակաբեր, ցավազրկող, խուխամուղ և ախտահանիչ, այդ պատճառով օգտագործվում է պոդագրայի, գեղձախտի, ռախիտի, գաստրիտների, լնդախտի, կանացի մի շարք հիվանդությունների, ալվեոլային պիորեայի ժամանակ և այլն:

 

Նախկինում ընդունված է եղել կոճղարմատը ծամել որպես պրոֆիլակտիկ միջոց` խոլերայի, բծավոր տիֆի և գրիպի դեպքերում: Ըստ Հ. Օղուլլուխյանի, դեղաբույսի կոճղարմատն օժտված է անոթասեղմիչ հատկությամբ: Մ.Ա. Նոսալը դեղաբույսն առաջարկել է ատամնացավի, հազի, վատ ախորժակի և թոքային պալարախտի հետ կապված` վատ ինքնազգացման ժամանակ: Ըստ Ա.Պ. Պոպովի, խնկեղեգի պատրաստուկները դրականապես են անդրադառնում դեղնուկի, մալարիայի, էքսուդատիվ դիաթեզների, թարախային վերքերի, լնդերի փխրունության վրա և այլն: Ն.Գ. Կովալևան դեղաբույսը հաջողությամբ օգտագործում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների և տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ:

 

Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում: Փորձերով պարզված է, որ կոճղարմատում պարունակվող դառը գլիկոզիդ ակորինը բարձրացնում է համզգաց նյարդերի ռեցեպցիան, ռեֆլեկտոր կերպով ուժեղացնում ստամոքսահյութի, հատկապես աղաթթվի արտազատումը, բարձրացնում է լեղարտադրությունը, լյարդի և լեղապարկի տոնուսը, ավելացնում` դիուրեզը: Բացի այս բոլորից, դեղաբույսը ցուցաբերում է նաև հակաբորբոքիչ ազդեցություն (Ա.Դ. Տուրովա):

 

Կլինիկայում խնկեղեգն օգտագործվում է ախորժակի գրգռման, թերսեկրետոր գաստրիտների, ստամոքսաաղիքային տրակտի խիթերի, հեպատիտների և խոլեցիստիտների բուժման նպատակով: Բույսի մզվածքն ունի ցավը հանգստացնող և արյան ճնշումն իջեցնող հատկություն, իսկ սպիրտային պատրաստուկները հանգստացնող են և օժտված հակասնկային ներգործությամբ: Կոճղարմատի փոշին մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի և հակախոցային պատրաստուկների` վիկալինի և վիկաիրի բաղադրությունների մեջ: Կոճղարմատից ստացվող եթերայուղը կազմում է լեղուղիների ախտահարումների ժամանակ լայնորեն կիրառվող օլիմետին պատրաստուկի բաղադրիչ մասերից մեկը:

 

 

Մեր կողմից խնկեղեգի կոճղարմատն օգտագործվել է քրոնիկական տարբեր սեկրետոր և մոտոր շեղումներով ընթացող գաստրիտով հիվանդների մոտ: Մենք փորձել ենք պարզել ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ գոյություն ունեցող այն փաստը, թե ինչով է պայմանավորված դեղաբույսի օգտակարությունը և´ թերսեկրետոր, և´ գերսեկրետոր գաստրիտների պայմաններում: Մեզ հաջողվեց պարզել, որ դեղաբույսի փոքր դոզաները` 0,1- 0,2 գ, փոշու ձևով, օրական 3 անգամ ուտելուց առաջ օգտագործելիս, ստամքսի սեկրետոր և մոտոր ֆունկցիաներն ակտիվանում են. հետևաբար, թերսեկրետոր բնույթի գաստրիտով հիվանդների համար նման դեղաչափերը միանգամայն բավարար արդյունք են տալիս: Գերսեկրետոր բնույթի գաստրիտով հիվանդների մոտ փոքր դոզաները ոչ միայն չեն նորմալացրել հյութի և նրա բաղադրատարրերի պատկերը, ընդհակառակը, հաճախ ի հայտ են բերել արդեն դրդված ֆոնի վրա` նոր դրդում: Այս խմբի հիվանդներին կոճղարմատի փոշին նշանակել ենք մեծ դոզաներով` 0,3-0,5 գ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, և արդյունքը եղել է այն, որ առաջ է եկել հիվանդների մեծամասնության ստամոքսահյութի ժամային լարվածություն և նրա կարևոր բաղադրատարրերի արտազատման որոշակի արգելակում, մի հանգամանք, որը միանգամայն բարելավել է այս բնույթի հիվանդների վիճակը: Այսպես, մեր տվյալներով, խնկեղեգի կոճղարմատի պատրաստուկները (բացի փոշուց, խոսք է գնում նաև ջրաթուրմի և եփուկի մասին) փոքր դոզաներով ցուցված են միայն թերսեկրետոր, իսկ մեծ դոզաներով` գերսեկրետոր քրոնիկական գաստրիտների և խոցային հիվանդության ժամանակ:

 

Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 3-4 գ մանրացրած հումքը 1 ժամ թրմում են 250 մլ եռման ջրում և ըմպում միանվագ, օրը 2 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Ավելի թունդ ջրաթուրմ պատրաստելու համար վերոհիշյալ դոզան նույն քանակի ջրի մեջ կրկնապատկվում է կամ 1 թեյի գդալ հումքը նույն ձևով թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ընդունում միանվագ` օրական 2 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ սառը ջրում 5 ժամ թրմելուց հետո եռացնում են ու գոլ վիճակում ողողման ձևով օգտագործում ստոմատիտների և լարինգիտների ժամանակ:

 

Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 2-3 բաժակ ջրում, փակ ամանի մեջ եփում են 15 րոպե, հովացնում ու քամում, ապա ըմպում 1-ական բաժակ, օրական 3 անգամ` մարսողության խանգարումների ժամանակ, կամ` 15 գ (1 ճաշի գդալ) հումքը 1 բաժակ ջրում եփում են 20 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ: Կամ` 8-10 գ հումքը 1 լ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ըմպում են 150-ական մլ, օրական 2 անգամ, ուտելուց առաջ: Կոճղարմատի փոշին ընդունում են 0,3-0,5 գ (մեծ դոզաներ) օրը 3 անգամ` գերսեկրետոր քրոնիկական գաստրիտների և խոցային հիվանդությունների ժամանակ: Ոգեթուրմ պատրաստելու համար 20 գ կոճղարմատը, 100 մլ 70° սպիրտի մեջ տաք տեղում թրմում են 8 օր, ապա ընդունում 20-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ` ջրով կամ շաքարով: Այս ոգեթուրմով թրջված տամպոնը կարելի է օգտագործել նաև ատամնացավի ժամանակ: Կանացի հիվանդությունների դեպքում նստած լոգանքի համար վերցնում են 30 գ հումք` 1 լ եռման ջրին:

 

Եթերայուղը` 1-2 կաթիլ կաթեցնելով շաքարի վրա, տալիս են ծծելու հիսթերիայի և հիպոխոնդրիայի ժամանակ: Վիկալինը և վիկաիրը բաց են թողնվում հաբերի ձևով. օգտագործվում են քրոնիկական գերսեկրետոր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ:

 

 

Ախորժակաբեր № 2 թեյի մեջ հավասարաչափ մտնում են խնկեղեգի կոճղարմատ, օշինդր, ջրառվույտ և քեմոնի սերմ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` ուտելուց 10-15 րոպե առաջ: Ստամոքսային № 1 թեյի մեջ մտնում են 1-ական մաս խնկեղեգի կոճղարմատ և բեկտենու կեղև, 2-ական մաս անանուխ և կատվախոտի արմատ և 3 մաս եղինջ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եփում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` առավոտյան և երեկոյան: Խավրծիլի դառը ոգեթուրմը, որ պատրաստի բաց է թողնվում դեղատներից, պարունակում է նաև խնկեղեգի կոճղարմատ: Այն օգտագործվում է աղիքային ատոնիայի, աղեփքանքի և մարսողության խանգարումների ժամանակ, 1/2-1 թեյի գդալ, օրը 2 անգամ` ուտելուց առաջ:

 

Մազաթափության ժամանակ վերցնում են 20-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ և կռատուկի արմատ, 10 գ վաղենակ և 15 գ գայլուկի կոներ:

 

Այս բոլորը 2 ժամ թրմում են 1 լ եռման ջրում և գիշերը դրանով թրջոցալաթ դնում գլխին: Բերանի խոռոչի և նշիկների բորբոքումների ժամանակ վերցնում են 10-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ, կաղնու կեղև և եղինջ, ավելացնում 8 գ եղեսպակ: Այս բոլորը 30 րոպե եփում են 1 լ ջրում, հովացնում և օգտագործում ողողումների ձևով: Լուծերի ժամանակ վերցնում են 25-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ, մատնունի, կաղնու կեղև և ընկուզենու տերև: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 1 բաժակ սառ ջրում թրմում են 6 ժամ, ապա եռացնում ու ըմպում կումերով` 1 օրվա ընթացքում: Լոգանքների և կոմպրեսների համար (մասնավորապես ֆուրունկուլի, մատնաշնչի և այլ բորբոքումների ժամանակ) վերցնում են 50-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ և կաղնու կեղև: Այս խառնուրդից 1-2 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1/2 լ եռման ջրում, քամում ու օգտագործում գոլ վիճակում: Այս թուրմը ողողումների ձևով օգտագործվում է նաև ալվեոլյար պիորեայի և բերանի վատ հոտի դեպքերում: Դեղաբույսն օգտագործվում է նաև անասնաբուժության մեջ որպես ախորժակը և մարսողությունը կարգավորող միջոց: Արմատափոշին ցանում են թարախային վերքերի վրա:

 

Այլ օգտակար հատկանիշները: Տերևարմատից պատրաստում են մուրաբա: Բույսից ստացվող եթերայուղը մտնում է մրգային էսենցիաների բաղադրության մեջ: Այն ավելացնում են թխվածքներին, օշարակին, օգտագործվում է պարֆյումերիայում, ձկնարդյունաբերության մեջ, ոգելից խմիչքների և օճառի արտադրություններում: Բույսի տերևները հաճույքով ուտում են որմզդեղները, մշկամկները, ջրառնետները և կուղբերը:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ